Sunday, 15 April 2018

Ռազմահայրենասիրական կուտ

9K720 տեսակի Իսկանդեր(ինչու՞ պետք է ես իմանամ սա)
Վերջերս համացանցում մեծ իրարանցում առաջացրեց կառավարության «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության» ռազմավարությանը հավանություն տալու մասին որոշումը։ Ճիշտ է՝ այս փաստաթուղթը դեռ օրենքի չի վերածվել, բայց միևնույն է նման բովանդակության արտահայտումը բարձրագույն մարմինների կողմից անընդունելի է։
Տեսնես, Military-patriotic bring-up policy արտահայտությունը լսելիս, ի՞նչ կմտածեն մեր եվրոպացի գործընկերները։ Այս փաստաթուղթը սահմանում է երբևէ չպարզաբանված «հայրենիք» տերմինը և գերադասում է մի մասնագիտություն մյուսներից։ Սա տարակարծության և գաղափարական բազմազանության արգելքի դասագրքային օրինակ է, որով ևս մեկ անգամ ապացուցվում է մեր երկրի տոտալիտար բնույթը։ Այսպիսով հայրենիքի մասին մտածողները տարանջատվում են ռազմական և ոչ ռազմական հայրենասերների, և դրանցից մեկը համարվում է կառավարության կողմից ճշմարիտ ճանաչված ճանապարհ։ Այնպես չէ, որ այս ամենը միանգամից եղավ, և մինչ այս փաստաթղթի լույս տեսնելը նման տարանջատում չկար, բայց ամեն դեպքում ազգ-բանակ հայեցակարգը այս փաստաթղթով սահմանեց մեր հասարակության «դավաճաններին»։ Օրինակ՝ այս երկրում երբեք թույլ չեն տա քաղաքացուն հարցնել, թե ինչու՞ մարդուն բուժելու մասնագիտությունը սովորելը վճարովի է, իսկ մարդուն սպանելունը անվճար, դեռ ավելին՝ խրախուսվող։ Փաստացի այս փաստաթղթով սահմանվում է, որ զինվորական ծառայություն մատուցելուն անպատրաստակամ քաղաքացիները հանդիսանում են ռազմավարության թիվ մեկ ներքին մարտահրավեր։
Սա միակ ցնդաբանությունը չէ, որ առկա է, այս փաստաթղթում։ Շարունակելով ներքին մարտահրավերների թեման՝ նշեմ, որ դրանց ցանկում են զինվորականի մասնագիտության հանդեպ հետաքրքրության բացակայությունը, դպրոցահասակ երեխաների մոտ փողոցային արատավոր վարքագծի առկայությունը, արտագաղթը, թմրամոլությունը, թունամոլությունը, այլասեռումը, իսկ տնտեսության դանդաղ աճը պայմանավորված է վերը նշված մարտահրավերներով։ Այսինքն ստացվում է, որ տնտեսությունը դանդաղ է աճում, քանի որ մարդիկ չունեն զինվորականի մասնագիտության հանդեպ հետաքրքրություն, հայհոյում են և թմրամոլ են, իսկ արտագաղթը պայմանավորված է, ոչ թե մարդկանց սոցիալական վատ պայմաններից, այլ գաղափարական դատարկությունից, որը լցնելու է սույն ռազմավարությունը։ Այս ամենի վերաբերյալ ուղղակի կասեմ, որ Մեծ Բրիտանիայում, որտեղ չկա նման ռազմավարության, այլ կա, օրինակ՝  արդարադատություն և Հայաստանի հետ անհամեմատելի կոռուպցիոն մակարդակ, մարդիկ իրենց լեքսիկոնում պարբերաբար հնչեցնում են հայհոյանքներ, ընդհուպ մինչև հեռուստատեսությամբ։ Այդ երկրում թմրամոլության և թունամոլության հետ մեկտեղ շատ տարածված է նաև ալկոհոլային կախվածությունը։ Այդ ամենը, սակայն, չի խանգարում, որ երկիրը լինի ռազմարդյունաբերության ոլորտում աշխարհի ամենահզոր երկրներից մեկը և ուենա Եվրոպայում ամենամարտունակ բանակը։ Սակայն իրականում խնդիրը, ոչ թե մարտահրավերների դատարկ լինելու մեջ է, այլ նրա, որ փաստաթուղթը արտահայտում է իշխանությունների այն կարծիքը, ըստ որի` երկրի զարգացման ամենամեծ խոչընդոտը վատ քաղաքացին է։ Նշում են, որ արտագաղթողներն են հայրենիք չսիրողներ, այլ ոչ թե դրանք թալանողները։
Առանձնակի ուշադրության կուզենայի արժանացնել ներքին մարտահրավերներից երրորդի, օտար մշակութային արժեքների հետ հաղորդակից լինելու տենդեցնի վրա։ Նախագծի քննարկումների ժամանակ ասացին, որ նախագիծը նկատի ունի, ոչ թե Շեքսպիրի կամ Մոցարտի ստեղծած մշակույթը, այլ ցածրորակ օտար մշակույթը։ Հասարակական քննարկումներից մեկում էլ Կոմիտաս Հովնանյանը, այն պնդմանը, թե վատ մշակույթ չի լինում, հեգնանքով պատասխանեց․ «Օրինակ՝ Էմինեմը, չէ՞»։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Էմինեմը ավելի շատ հասարակական խնդիրներ է բարձրաձայնել և ավելի մեծ հասարակական ազդեցություն է ունեցել, քանի ոսկեղենիկ հայերեն օգտագործող ժողովրդական ցանկացած երաժիշտ։ Էմինեմի երաժշտությունն ավելի արդիական է քան կով կթելու կամ իրար կարմիր խնձոր նվիրելու մասին հայկական ժողովրդական երգերը, և նոր սերնդին ժամանակակից աշխարհի արտացոլումը ավելի պետք է, քան խղճուկ անցյալը։ Ցավոք սրտի վերը նշված արհամարհանքը, ոչ միայն մի ինքնահաստատման խնդիր ունեցող քահանայի կարծիք է, որը գիտի մեծ գործ է անում դատարկ կոչեր անելով, այլ նաև մի ամբողջ պետության դե յուրե իշխանության, որը անտեսում է մտքի, խղճի և դավանքի ազատության իրավունքը պարտադրելով մի «ճշմարիտ» ճանապարհ։
Այս ամենի ենթատեքստում հաճախ մոռանում ենք այս փաստաթղթով անմիջականորեն խախտվող իրավունքների մասին։ Մասնավորապես՝ ծրագրի իրականացման ընթացքում նշվում է, որ ոստիկանությունը պետք է աշխատանքներ իրականացնի սովորողների մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ, ինչը իրենից ենթադրում է զինվորականի մասնագիտության քարոզ։ Մասնագիտության ընտրությունը մարդու սահմանադրական իրավունքն է, իսկ հանրակրթական հաստատություններում ինչ-որ մասնագիտության առանձնակի քարոզը՝ քաղաքական քարոզ է։ Հիմնական կրթական հաստատություններում քաղաքական քարոզը արգելվում է հանրակրթության մասին օրենքով։
Մարդու ներքին տարածք է մտնում նաև նախագծով պլանավորված մեկ այլ գործունեություն, ըստ որի՝ ընտանիքի օրվա կապակցությամբ երեխաները պետք է հանդիպեն եկեղեցականի հետ։ Սա խախտում է մարդու դավանանքի ազատությունը, իսկ որոշակի բացառությունների պարագայում կրոնական տարբերությունների միջոցով երեխաների մեջ անդունդ է ձևավորում։ Եթե նախագծում նշված է այցելություն եկեղեցականին, ապա պետք է նաև նշված լինի այցելության աշխարհում գոյություն ունեցող բոլոր 2000 կրոնների հոգևորականների մոտ՝ չմոռանալով նաև աթեիզմի տարբեր ուսմունքների մասին։
Ամփոփելով խոսքս՝ ասեմ, որ այս նախագծով պետության ապագան կապվում է հավերժ տանջանքի և սերունդների անգիտակցաբար զոհաբերության հետ։ Մարդկանց ստիպում են, որ հավատան, որ վատ թշնամիներ ունենք, և ագրեսորների դեմ չպարտվելու միակ միջոցը նրանց նմանվելն է։ Նման մտածողությունը բնորոշ է միջնադարյան քաղաք-պետություններին, որոնք միշտ պատերազմների մեջ էին, և դա իշխանությունների կողմից օգտագործվում էր որպես ժողովրդին թալանելու միջոց։ Նույն իրավիճակը փորձում են ստեղծել քսանմեկերորդ դարի Հայաստանում։ Պատմությունը ցույց տվեց, որ պետությունները, որոնց ամբողջ գործունեությունը ուղղված է ռազմական ապահովության ստեղծմանը դատապարտված են կործանման կամ, ավելի ճիշտ կլինի ասել, ինքնակործանման։ Պատճառը մեկն է՝ ռազմական գործունեությունը սպառող երևույթ է, որը ոչ մի արժեք չի ստեղծում, այլ միայն գոյատևում է պետության տնտեսության այլ ոլորտների հաշվին։ Ռազմական անվտանգությունը բիզնես չէ, այսպսիով այնտեղ ներդրում անելը համապատասխանաբար շահավետ չէ։ Նման պայմաններում պետությունները ուղղակի նման են կոմայի մեջ գտնվող տարեց մարդկանց, որոնց գոյություն ունենալը պայմանավորված է միայն թանկ սարքերի հետ, որոնց ֆինանսավորումը մի օր վերջանում է։ Եթե չենք ուզում, որ մեր գոյության սարքերի ֆինանսավորումն էլ վերջանա, ապա պետք է փոխենք մեր աշխարհահայացքը և հասկանանք, որ մինչև ներքին դիմադրողականությունը չարթնանա, ոչ ոք մեզ չի փրկելու։ 

0 Մեկնաբանություններ:

Post a Comment